Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Եվ Բոլտոնն ասաց

Եվ Բոլտոնն ասաց
26.10.2018 | 11:23

Հոկտեմբերի 24-ից Երևանում էր և երեկ վարչապետի, ԱԳ ու ՊՆ նախարարների, Ախ քարտուղարի հետ հանդիպումներ ունեցավ, ասուլիս ու հարցազրույց տվեց ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը: Եկավ Բաքվից ու գնաց Թբիլիսի: 2012-ի հուլիսից հետո, երբ Երևանում էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Բոլտոնն ամենաբարձրաստիճան պաշտոնյան է: Ու ի՞նչ ասաց նա:

Ընդհանրացնելով հրապարակված տեղեկությունները`
1. Հայ-ամերիկյան հարաբերությունների մասին
*Հայ-ամերիկյան հարաբերությունները ԱՄՆ-ի համար առաջնահերթ են ու կարևոր: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարում է։ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավելը շատ բարձր առաջնահերթություն է Թրամփի վարչակազմի համար։
* Ջոն Բոլտոնը Նիկոլ Փաշինյանին փոխանցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջերմ ողջույնները: Նա նշել է, որ Հայաստանի համար պատմական նշանակություն ունեցող այս ժամանակաշրջանում իրենք կարևորում են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումն ու խորացումը և համարում առաջնահերթություն:
*ԱՄՆ-ը աջակցում է նոր կառավարության ջանքերին՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի թափանցիկության աստիճանի բարձրացմանը և քաղաքացիների առաջ կառավարության հաշվետվողականության մեծացմանն այնպիսի ուղիներով, որոնք կհանգեցնեն ժողովրդավարության, իրավունքի գերակայության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը:

2. Ներդրումների մասին
*Այո, մենք խոսեցինք կոնկրետ Հայաստանում ամերիկյան ուղիղ ներդրումների ավելացման հեռանկարի մասին։ Ասացի վարչապետին և ԱԳ նախարարին, ՊՆ նախարարին, ազգային անվտանգության խորհրդականին, որ ամերիկահայերի համայնքը շատ ուժեղ է և ես կարծում եմ, որ ավելի սերտ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հեռանկարը հենց մասնավոր հատվածում է, ինչն ավելի լավ է երկարաժամկետ հեռանկարի համար, քան կառավարությունից կառավարություն տրամադրվող աջակցությունը։


3. Լեռնային Ղարաբաղի մասով`
*Բնականաբար, շատ խոսեցինք նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, Մինսկի խմբի հովանո ներքո ընթացող գործընթացի մասին, Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի կարևոր դերի մասին: Մենք կուզենանք տրամադրել այն աջակցությունը, որ կարող ենք, նաև որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, որպեսզի կարողանանք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի՝ երկու կողմից էլ ընդունելի լուծմանը: Մենք գիտակցում ենք, որ կան ակնհայտ դժվարություններ, բայց մենք նաև ընդունում ենք, որ վարչապետը հրաշալի դիրքեր ունի այստեղ Հայաստանում ու կշարունակի ունենալ ընտրություններից հետո, որ ցուցաբերի առաջնորդությունը այս հարցում:
*Պատրաստ ենք մեր աջակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, քանզի այս կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև ԱՄՆ-ի շահերից:
*ԼՂ հիմնախնդրի լուծումը բարդ է, եթե այն հեշտ լիներ, արդեն վաղուց կարգավորված կլիներ:
*Ես չեմ եկել այստեղ ազդարարելու ամերիկյան քաղաքականության մեջ այս հարցում փոփոխություն կամ նոր առաջարկներ անելու մասին: Կողմերը պետք է կարողանան գտնել լուծումը:
*Փաստ է, որ եթե կանխատեսումներն իրականան, վարչապետը կունենա ուժեղ մանդատ մի շարք վճռական քայլեր իրականացնելու համար:


4. Հայաստանի քաղաքականության դիվերսիֆիկացիայի մասին
*Կարծում եմ, որ առավել կայուն ժողովրդավարություն ունեցող պետության համար հեռանկարը այստեղ հրաշալի է։ Կարծում եմ՝ դա իսկապես ֆունդամենտալ հարց է Հայաստանի համար, որ լիիրավ օգտագործի իր ինքնիշխանությունը և կախված չլինի կամ չենթարկվի արտաքին ազդեցության: Կարծում եմ՝ ժողովրդի համար առավել նախընտրելի է ունենալ լայն հնարավորություններ միջազգային ասպարեզում և չկաշկանդվել պատմական կաղապարներով։ ԱՄՆ-ի տեսանկյունից որքան ավելի ուժեղ է ժողովրդավարությունը, այդքան ավելի մեծ է հնարավորությունը շփվելու ԱՄՆ-ի և նույն արժեքները կրող այլ երկրների հետ։


5. ԱՄՆ-ից զենք գնելու մասին
*Ունենք Կոնգրեսի կողմից հաստատած սահմանափակումներ՝ կապված Ադրբեջանին և Հայաստանին զենքի վաճառքի արգելքի հետ: Այո, հակամարտության պատճառով։ Բայց կան բացառություններ։ Եվ ինչպես ասացի վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում:
*Ղարաբաղյան հակամարտության կողմերին զենք վաճառելու որոշում չկա` հայտարարել է Ջոն Բոլտոնը՝ անդրադառնալով Ազատության մասին ակտի 907-րդ փոփոխությանը, որը սահմանափակում է զենքի վաճառքը հակամարտության կողմերին: Նա նշել է, որ չի կարող կանխատեսել, թե ինչ որոշում կկայացվի: Բոլտոնը հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հիմնականում զենք են ձեռք բերում Ռուսաստանից, ինչը չի նպաստում հակամարտության կարգավորմանը և Ռուսաստանին ազդեցության լծակներ է տալիս:


6. Տարածաշրջանի մասին
Կարծում եմ, որ ներկայիս հանգամանքներն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ փոխադարձ համաձայնության հասնելու կարևորությունը, քանի որ եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, ևս կբացվի: Եվ կարծում եմ, որ Վրաստանի հետ սահմանը կարող է ավելի քիչ անհանգստություն առաջացնել այն առումով, թե ինչ ճնշում կգործադրեն նրանց նկատմամբ ռուսները: Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի, որովհետև, ինչպես ես բացատրեցի վարչապետին, մենք ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ նա չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից և շարունակում է մնալ միջազգային ահաբեկչության կենտրոնական «բանկիրը»: Մեզ մտահոգում են Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրերը և Սիրիայում, Իրաքում ու այլուր նրա ակտիվ ռազմական գործողությունները: Ակնհայտ է, որ մենք չենք ուզում վնաս հասցնել մեր բարեկամներին այս գործընթացում: Ուստի կարծում եմ, որ Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև զրույցը շատ կարեւոր կլինի: Սակայն, ինչպես ընդգծեցի վարչապետի հետ զրույցում, մենք մտադիր ենք ողջ ուժով կիրառել այս պատժամիջոցները: Սա Օբամայի վարչակազմը չէ: Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը, որովհետեւ կարծում ենք, որ Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհով մեկ նրանց վարքագիծը չարամիտ է և պետք է փոխվի:


7. ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների մասին
Նախագահ Պուտինն ինքն է սպառազինությունների վերահսկման փորձագետ: Մենք երկար քննարկում ունեցանք «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի և նախագահ Թրամփի կողմից հնչեցված ԱՄՆ-ի` այս պայմանագրից դուրս գալու պատճառները: Խոսեցինք սպառազինությունների վերահսկման այլ պայմանավորվածությունների, երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների մասին: Անդրադարձանք Մերձավոր Արեւելքում համակամարտություններին, Իրանի և Հյուսիսային Կորեայում միջուկային ծրագրի մի շարք ասպեկտներին: Ես կարծում եմ, որ մենք հաջողության ենք հասնում Ռուսաստանի հետ, երբ երկու կողմերն էլ անկեղծ են իրենց ազգային շահերի վերաբերյալ:


8. Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու Հայաստանի մտադրության մասին
Հայաստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ նրան հավաստիացրել են, որ առաքելությունը ռազմական ուղղվածություն չի ունենալու: Բոլտոնն ասել է, որ ցանկացած երկրի համար ռազմական մասնակցությունը սխալ կլինի, հատկապես հաշվի առնելով, որ մասնակիցներն արդեն շատ են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ջոն Բոլտոնի այցը Հարավային Կովկաս` Մոսկվայում լինելուց հետո, հաստատում է, որ նախագահական ժամկետի կեսն անցնելուց հետո Դոնալդ Թրամփը որոշել է զբաղվել Հարավային Կովկասով, բայց` Մեծ Մերձավոր Արևելք ծրագրի շրջանակներում: Ու այդ պատճառով է Բոլտոնը խոսել տարածաշրջանի կոնֆլիկտների ու հատկապես ԱՄՆ-Իրան հարաբերությունների մասին` շեշտելով, որ Թրամփն Օբաման չէ: Սա Հայաստանի համար խնդրահարույց է: Բոլտոնը հասկացրել է, որ ԱՄՆ-ը այս փուլում Հայաստանում ներդրումներ չի անի և ուղղորդել է մասնավոր հատվածի ու հայ համայնքի կողմը: Կլինեն ինչ-որ ծրագրեր կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի թափանցիկության բարձրացման և քաղաքացիների առաջ կառավարության հաշվետվողականության մեծացմանն և այլ ծրագրերով: Իրավիճակը կփոխվի Հայաստանի ինքնիշխանության մեծացման պարագայում և այդ ժամանակ արդեն Հայաստանի վարչապետին ԱՄՆ նախագահը ոչ թե ողջույններ, այլ այցի հրավեր կուղարկի: Գուցե ոմանք սենսացիա համարեն ԱՄՆ-ի զենքի վաճառքի արգելքը վերանայելու ակնարկները, բայց դա երկարատև գործընթաց է ու պարզապես քաղաքական հայտարարություն: Ջոն Բոլտոնը բացեիբաց հայտարարել է, որ չի եկել ազդարարելու ամերիկյան քաղաքականության մեջ ԼՂ հարցում փոփոխություն կամ նոր առաջարկներ անելու` կողմերը պետք է կարողանան գտնել լուծումը: Բայց նա արել է չափազանց երկիմաստ հայտարություն` ՙՓաստ է, որ եթե կանխատեսումներն իրականան, վարչապետը կունենա ուժեղ մանդատ մի շարք վճռական քայլեր իրականացնելու համար՚: Դիվանագիտական լեզվից թարգանած` դա նշանակում է, որ Հայաստանի վարչապետի բարձր լեգիտիմությունը նրան դարձնում է համաձայնագիր ստորագրելու ունակ, ածանցյալ հետևանքներով: Գուցե հենց այդ պատճառով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում վերաշարադրեց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման իր տեսակետը: Ջոն Բոլտոնի այցը տարածաշրջան քարոզչական ու քաղաքական էր ավելի շատ, քան` գործնական: Այդպիսին էր նաև Հիլարի Քլինթոնի այցը 2012-ին: Հիմնականում:

Դիտվել է՝ 2799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ